Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հայ երիտասարդները վերադարձվել են

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում է տեղի ունեցել վերոհիշյալ անձանց վերադարձը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանիվերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հայ երիտասարդները վերադավձել են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս մայրուղուց շեղված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներին սեպտեմբերի 19-ին, ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թշնամու վերահսկողության տարածք անցած տղաների հարցով Թաթոյանը զրուցել է Թիերի Ռիբոյի հետ
Տեղեկացնում են, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում է տեղի ունեցել վերոհիշյալ անձանց վերադարձը:
ԱԱԾ–ն սեպտեմբերի 19-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել։
Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի բնակիչները 21 տարեկան տղաներ են։
Երբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մտել, տղաներից մեկն իր ընտանիքի անդամներից մեկի հետ խոսելիս է եղել։ Նա ասել է. «սրանք մեզ կանգնեցրին», և կապն ընդհատվել է: Դրանից հետո նրանցից որևէ լուր չկա։