ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս մայրուղուց շեղված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի բնակիչները 21 տարեկան տղաներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։
ԱԱԾ–ն այսօր առաջ հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել։
"Երբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մտել, տղաներից մեկն իր ընտանիքի անդամներից մեկի հետ խոսելիս է եղել։ Հեռախոսով խոսողն ասել է."սրանք մեզ կանգնեցրին", և կապն ընդհատվել է: Դրանից հետո նրանցից որևէ լուր չունենք",–ասաց Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ տղաներն ընկերներ են` միասին էլ ծառայել են և վերջերս են զորացրվել։ Մկրտչյանի խոսքով` շատ խելոք, լավ երիտասարդներ են և, կարծես, գնացել էին Սյունիք` համածառայակից ընկերներին տեսակցելու։
Համայնքի ղեկավարը հայտնեց` տղաներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: