Պետդումայի ընտրությունների քվեարկության հիմնական օրը Երևանում անցնում է առանց խախտումների` համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ հանրային պալատից դիտորդ Նարինե Ռշտունին։
«Մենք եկել ենք դեռ ընտրատեղամասի բացվելուց առաջ։ Քվեարկությունը սկսվել է առավոտյան 08:00–ից։ Ամեն ինչ լավ կազմակերպված է, որևէ խախտում չկա»", – ասաց Ռշտունին։
Նրա խոսքով` բոլոր նորմերը պահպանվում են, ընտրողները հերթ են կանգնում, հեռավորություն պահպանում։
Ժամը 13:00-ի դրությամբ Երևանում Ռուսաստանի դեսպանատան ընտրատեղամասերում արդեն քվեարկել էր 470 մարդ:
ՌԴ քաղաքացիներն իրենց դիրքորոշումը կարող են արտահայտել ընդամենը 6 ընտրատեղամասերում, որոնք բացվել են Երևանում և Գյումրիում։ Իր քաղաքացիական դիրքորոշումն արդեն արտահայտել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Քվեարկողների թվում էր նաև ՌԴ քաղաքացի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի աշխատակից Գեորգի Գալեչյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ քվեարկելու է հանուն լավ Ռուսաստանի։
«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, երկար տարիներ Լենինգրադում եմ ապրել, սովորել, աշխատել, այնտեղ են ծնվել նաև երեխաներս։ Հայաստանում ապրում եմ վերջին 50 տարին։ Կքվեարկեմ հանուն Ռուսաստանի, հանուն լավ Ռուսաստանի, ինձ ծանոթ Ռուսաստանի», – ասաց Գալեչյանը։
Նա նշեց, որ ՌԴ–ում շատ ընկերներ, բարեկամներ ունի։
Հայաստանում քվեարկելու իրավունք ունեն ոչ միայն ՌԴ 20 հազար քաղաքացիները, որոնք հյուպատոսական հաշվառման են կանգնած։ Իրենց քաղաքացիական իրավունքը որոշել են արտահայտել նաև ռուսաստանցի զբոսաշրջիկները։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Եկատերինբուրգից և Մոսկվայից ժամանած Կոլյան և Սեմյոնը (անունները փոխված են) նշեցին, որ իրենց արձակուրդը պատահաբար համընկավ ընտրությունների օրվա հետ։
«Մենք չէինք նախատեսում, որ այդպես կստացվի։ Սակայն որոշեցինք օգտվել և քվեարկել, քանի որ սա քաղաքացիական պարտքը կատարելու և քաղաքական դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն է», – ասացին տղաները։
Պետդումայի և մյուս ընտրությունների քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը։ Պետդուման ընտրվում է 5 տարով խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը` միամանդատ օկրուգներով` մեկ փուլով։