ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Քասախի 2 բնակիչ շեղվել են ճանապարհից և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
«Երեկ` սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ից Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել, ամսի 11-ից նրանք ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում կապը կորել էր զինծառայողներ Արթուր Նալբանդյանի ու Արամայիս Տոռոզյանի հետ, իսկ ադրբեջանական կողմը չէր հաստատում, որ զինծառայողներն ադրբեջանական կողմում են հայտնվել։
Մոտ 2 ամիս անց` սեպտեմբերի 7-ին, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով նրանք հայրենիք վերադարձան։