ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողերի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն: Տեղեկանում ենք ադրբեջանական АПА-ից։
«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցեց Նիկոլ Փաշինյանի` ինձ հետ հանդիպման առաջարկը։ Սա մտորելու տեղիք է տալիս։ Սակայն դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ»,–ասել է Էրդողանը։
Այնուհետև Էրդողանն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային` ասելով, որ միջանցքը բացելով Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լարվածությունը կչեզոքացվի:
Հավելենք, որ այս տեղեկությունը ճշտելու համար Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։