ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Վենետիկում «Ավրորվա» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացնելը խորհրդանշական քայլ է։ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը։
Նշենք, որ 2021 թվականի «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը:
«Վենետիկում` հայ ազգի պատմական վայրերից մեկում, մրցանակաբաշխությունն անցկացնելը խորհրդանշական է։ Եկար տարիներ մեզ խնդրել են, որ դրսում անցկացնենք այն, և սա ճիշտ պահն է։ Մենք չենք նախատեսել մեծ միջոցառում` նախատեսել ենք, որ այն փոքր միջոցառում կլինի, սակայն տեսանելի կլինի աշխարհի համար»,–ասաց Աֆեյանը։
Նա հավելեց, որ հետագա տարիներին մրցանակաբաշխությունը կրկին Հայաստանում է անցկացվելու։
«Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանն էլ հայտնեց, որ «Ավրորայի» շրջանակներում գումարի մի մասը, հավանաբար, կգնա Աֆղանստանին, մի մասն էլ` Արցախին։
Նրա խոսքով` մեր ազգը տարածված է ամբողջ աշխարհում, և Վենետիկը ամենակարևոր մշակութային վայրերից մեկն է, ինչի համար էլ հենց այնտեղ կանցկացվի մրցանակաբաշխությունը։ Վարդանյանը նշեց նաև, որ փորձում են ուշադրություն հրավիրել այն վայրերի վրա, որտեղ հայերն իրենց ներկայությունն ունեն։
Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնել էր` բացի մրցանակի շնորհման արարողությունից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ "Ավրորա" մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, "Ավրորայի" հերոսներն ու "Ավրորա" համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը։