Խորը ճգնաժամի մեջ ենք. եթե փոփոխությունների չգնանք, մեր վերջը եկել է. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ վերջերս ուսումնասիրություն են արել հայ հասարակության մեջ, և պարզվել է` 70 տոկոսը բավարարված է ՀՀ–ում ստեղծված իրավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հիմա խորը ճգնաժամի մեջ է, եթե փոփոխությունների գնալու այս պահից չօգտվենք, ապա մեր վերջը եկել է։ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը` անդրադառնալով 44-օրյա պատերազմին ու դրանից հետո տիրող իրավիճակին։
«Անտարբերությունը, ապագայով հետաքրքրված չլինելը կսպանի հայ ազգին։ Այս ամենից հետո պետք էր դուրս գալ պատրանքներից և անդրադառնալ իրականությանը` մի բան, որը չարեցինք։ Ես երկար ժամանակ մտածում էի` ինչ կարող էի անել, ինչպես կանգնեցնել այն, ինչ մոտալուտ էր»,–ասաց Վարդանյանը։
Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել
Նրա խոսքով` ժողովրդի 60 տոկոսն անտարբեր է։ Վարդանյանը նշեց, որ վերջերս ուսումնասիրություն են արել հայ հասարակության մեջ, և պարզվել է` 70 տոկոսը բավարարված է ՀՀ–ում ստեղծված իրավիճակով, իսկ 30 տոկոսն էլ «հանձնվում» է` ասելով, թե եկեք–գնանք, մեկ է` մենք որևէ բանի չենք հասնելու։
«Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանն էլ իր հերթին հայտնեց, որ ցավն այն է, որ մարդիկ չեն հավատում ապագային։ Նրա խոսքով` պատերազմից հետո մենք անհավատ դարձանք մեր ապագայի հանդեպ` մենք հավատում ենք մեր անցյալին և նրանց, ովքեր պետք է գան ու մեզ օգնել, բայց ոչ ապագային։
Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը
«Շարունակաբար խոսում ենք Ցեղասպանության, անցյալ դժվար օրերի մասին և ընկում ենք վերապրողի ծուղակի մեջ։ Սակայն մարդիկ չեն հասկանում, որ վերապրելն ապագա ստեղծել է ենթադրում։ Կարծում եմ` մենք խորապես դավաճանեցինք 4000 այն տղաներին, որոնք զոհվեցին»,–ասում է Աֆեյանը։
Աֆեյանը նշում է, որ բոլոր հայերը պետք է դառնան հայ ընտրությամբ և լծվեն Հայաստանի կառուցմանը։ Սփյուռքի կազմակերպությունները, ըստ նրա, պետք է հսկայական պատասխանատվություն ունենան այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է ՀՀ–ում։ Բացի այդ, ըստ նրա, գիտությունը նույնպես պետք է կարևոր դեր ունենա երկրի զարգացման գործում։
Նշենք, որ միջոցառման ժամանակ կներկայացվեն մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև կուրվագծվի Հայաստանի զարգացման առաջիկա 20 տարիների տեսլականը: