Դանարա Կուրմանովա
Ռուսաստանում Պետդումայի պատգամավորների ընտրություններ են ընթանում։ Առաջին անգամ է, որ քվեարկությունը տևում է երեք օր, ընդ որում կարելի է քվեարկել ոչ միայն առկա` ընտրատեղամասերում, այլև առցանց։
Արդյո՞ք ռուսաստանյան ընտրությունների նոր ձևաչափը միտում կդառնա ամբողջ ԱՊՀ–ի համար։ Արդյոք ընտրական գործընթացի վրա ազդում է այն, որ ԵԱՀԿ–ն հրաժարվել է իր դիտորդներին ուղարկել Ռուսաստան և ինչպես կարելի է գնահատել Պետդումայի ընտրությունների արդյունքների հետ կապված Եվրախորհրդարանի հայտարարությունը։
Այս մասին Sputnik на русском YouTube–յան ալիքին տված հարցազրույցում խոսում են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները` Ղազախստանի խորհրդարանի սենատի փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող Ասկար Շակիրովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Իվան Մուշկետը։
Խնդիրը միայն համավարակը չէ
Այս ընտրությունները համավարակի պատճառով անցնում են աննախադեպ պայմաններում։ Ասկար Շակիրովը կարծում է, որ Ռուսաստանը կարողացել է քաղաքացիների համար ապահովել անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները։
«Այն ընտրատեղամասերը, որ այցելել ենք, բոլորը համապատասխան կահավորված են, խստորեն պահպանում են կարանտինային կանոնները։ Մենք հարցրել ենք դիտորդներին, տեսել ենք, որ պաշտպանիչ բոլոր միջոցները, ախտահանիչները կան», – ասել է նա` նշելով, որ ընտրատեղամասեր մուտք գործելիս ջերմաչափվում էին ոչ միայն ընտրողները, այլև ԶԼՄ–ների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային դիտորդները։
Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Ռուսաստանը էլեկտրոնային քվեարկության մասին օրենքը մշակում էր դեռ համավարակից առաջ, և այն նախևառաջ միտված է ընտրությունների գործընթացը կատարելագործելուն։ "Հեռակա ձևաչափը պետք է դիտարկել տարբեր տեսանկյուններից, ոչ միայն համավարակի", – ասում է Շակիրովը։ Այն ենթադրում է տարեց և հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտպանություն, սակայն օգտակար է նաև երկրից դուրս գտնվող քաղաքացիների համար, նրանք ևս կարող են քվեարկել։ Այս ձևաչափը համապատասխանում է բոլոր պահանջներին, էլեկտրոնային քվեաթերթիկները գործում են անխափան"։
Պետդումայի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ։ "Մենք նրանց հարցրել ենք, թե ինչպես են գնահատում ընտրությունների նախապատրաստական գործընթացը, ինչպես են գնահատում ԿԸՀ–ի աշխատանքը։ Մեր հաշվետվությունը խոսում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեծ, լայնածավալ աշխատանք է տարվել", –պատմում է Իվան Մուշկետը։
Էլեկտրոնային քվեարկությունը` ԱՊՀ ապագա թրե՞նդ
Ասկար Շակիրովը կարծում է, որ էլեկտրոնային քվեարկության պրակտիկան նախևառաջ պետք է գնահատեն ռուսաստանցիները։ "Սակայն ես կարտահայտում մեր ամբողջ խմբի կարծիքը` այս փորձը ուսումնասիրման է արժանի։Ժամանակակից թրենդներն ընդհանուր են մի շարք երկրների համար" , – ասում է նա։
Թվայնացումը զարգանում է ոչ միայն Ռուսաստանում, այլև մյուս երկրներում։ "Մենք վաղուց ենք թվային իրողության մեջ ապրում, այն իր մարտահրավերներն ունի, և ի պատասխան մենք տարբեր տեխնոլոգիաներ ենք զարգացնում, – բացատրում է Մուշկետը և բերում Մոլդովայի օրինակը։ Այս տարի մենք «Թվայնացում և ընտրություններ" խորագրով մենագրություն ենք նախապատրաստել, ուսումնասիրել այդ հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը։ Թվային տեխնոլոգիաները զարգացած են նաև Ղրղզստանում»։
Սակայն նա նշում է` պետք է խոստովանել, որ բնակչության մի մասը էլեկտրոնային քվեարկությանը թերահավատորեն է վերաբերվում։ "Մարդիկ կարծում են, որ քվեատուփի մեջ քվեաթերթիկը գցելը ճիշտ է, թե չէ` ինչպե՞ս մեքենան կմշակի ձայները։ Այդ պատճառով օնլայն քվեարկությունը պետք է զարգացնել և խթանել ԱՊՀ մյուս երկրների համար։ Բայց չեմ կարծում, որ դա արագ կլինի և վաղը բոլորը կսկսեն քվեարկել առցանց։ Կան մարդիկ, որոնք այդքան էլ լավ գլուխ չեն հանում էլեկտրոնային սարքերից, բնակչության հետ բացատրական աշխատանքների կարիք կա"։
Ինչու է քվեարկության համար 3 օր անհրաժեշտ
Լայն քննարկումների առիթ է դարձել Պետդումայի ընտրությունների ժամանակ նաև մեկ այլ նորամուծություն. պատմության մեջ առաջին անգամ Պետդումայի պատգամավորներին հնարավոր կլինի ընտրել երեք օր։ Սակայն Ասկար Շակիրովը պնդում է, որ դրանում որևէ անբնական բան չկա։
«Այդ ընթացքում կարելի է մարդկանց մեծ քանակ ընդգրկել։ Մարդկանց իրավունքները պաշտպանել ասելով` նկատի ունենք, որ պետք է պաշտպանել անխտիր բոլորի իրավունքները։ Իսկ կամարտահայտման իրավունքը ևս իրավապաշտպան աշխատանքի սուբյեկտ է», – ասում է նա։
Նրա հետ համակարծիք է նաև Իվան Մուշկետը։
«Ժամանակային կտրվածքը թույլ է տալիս քվեարկել ոչ անմիջապես։ Չէ՞ որ ինչ–որ մեկը կարող է չհասցնել քվեարկել մեկ օրում։ Երեք օրվա ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, ժամանակ կգտնի և կգնա քվեարկելու, այդ պատճառով տվյալ նորամուծություններն արդյունավետ են և մտածված»,– ասում է Մուշկետը։
Ըստ Ասկար Շակիրովի` երեք օրվա ընթացքում ընտրողները կարող են ծանոթանալ նաև թեկնածուների մասին տեղեկությանը։ «Տվյալներն առավելագույն հասանելի են, և ես հաճելիորեն զարմացած էի։ Թեկնածուներից մեկը նույնիսկ նշել էր, որ նախկինում դատվածություն է ունեցել, փախուստ բանտից։ Իմ առաջին տպավորությունն այն է, որ ընտրությունները կազմակերպված են բարձր մակարդակով։ Նախևառաջ կարևոր է քվեարկողների մասնակցության ցուցանիշը։ Մոսկվայի Բասմանի շրջանում երեկ առավոտյան մինչև 11:30–ը ընտրատեղամաս է այցելել և քվեարկել ընտրողների ավելի քան մեկ երրորդը։ Այսօր եղել ենք Մոսկվայի կոմպոզիտորների տանը` այնտեղ քվեարկել էր գրեթե կեսը»,– – ասում է նա։
Արևմուտքի հայտարարություններն անընդունելի են
Ի տարբերություն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն հրաժարվել է Ռուսաստան ուղարկել իր դիտորդներին։ Ասկար Շակիրովն ափսոսում է, որ այդպես է որոշվել։
«Ընտրությունները ոչ միայն վերահսկման գործընթաց են ենթադրում։ Դրանք նաև կարծիքների փոխանակման հարմար առիթ են, խորհուրդների մշակում, որոնք կարող են օգտակար լինել այլ երկրների համար։ Ես որպես դիտորդների ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ խախտումներ չեն հայտնաբերվել։ Մենք հենվում ենք համընդհանուր ընդունված նորմերի վրա` դա ԱՊՀ–ում ժողովրդավարական ընտրությունների չափանիշների մասին կոնվենցիան է»,– պարզաբանում է նա իր տեսակետը։
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը ընտրական գործընթացների նախորդ մոնիթորինգների ժամանակ կարծիքների փոխանակում էր իրականացնում եվրոպացի գործընկերների հետ, և երկխոսություն էր տեղի ունենում։ "Նրանց հրավիրել են, նրանք չեն ժամանել, դա նրանց որոշումն է, սակայն կա մեկ այլ կարևոր պահ։ Մի կազմակերպություն, որը ժողովրդավարություն է քարոզում, կարող էր գալ և տեսնել` ինչպես են անցնում ընտրությունները",– ասում է Իվան Մուշկետը։
Մուշկետը նկատում է, որ որոշ կազմակերպություններ վաղաժամ հայտարարություններ են իրենց թույլ տալիս` նկատի ունենալով Եվրախորհրդարանը, որն իր զեկույցում ԵՄ երկրներին խորհուրդ է տվել պատրաստ լինել չճանաչելու Պետդումայի ընտրությունների արդյունքները։
«Պետք է գալ և եզրակացություններ անել, այլապես դա անընդունելի է էթիկական նկատառումներով։ Մի շարք քաղաքական գործիչներ արդեն խոսում են այդ մասին, և մեր խումբն էլ իր կարծիքն է հայտնում։ Այո, կարծում եմ, որ դա անընդունելի է», – եզրափակել է նա։