Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների հետ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ Արթուր Ղազինյանն ու Հայկ Մամիջանյանն այցելել են Ազնավուրի հրապարակից ոստիկանություն բերման ենթարկված բողոքի ակցիայի մասնակիցներին:
Մամիջանյանը լրագրողներին ասել է, որ իրավապահների նշած պատճառը ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելն է: Նրա խոսքով ՝ Անկախության օրվա տոնակատարության և ձերբակալության դեմ բողոքի ակցիայի այդքան կոպիտ ցրումը պայմանավորված է իշխանությունների վախով:

«Իշխանությունները վախենում են այդ ակցիաներից, քանի որ դրանք կարող են վերաճել ինչ-որ բանի, ինչպես դա եղավ նոյեմբերի 9-ից հետո։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ոստիկանական պետություն հաստատել, բայց չի ստացվի, որովհետև չի հասկանում, որ մենք իրենից չենք վախենում։ Նա, ով պայքարում է հայրենիքի համար, չի վախենում բանտից», - ասել է նա։

Ոստիկանության կենտրոնականի բաժնում այժմ գտնվում է 8 անձ՝ ներառյալ բլոգեր Միքայել Բադալյանն ու պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը տեղեկացրել է, որ հասարակական գործիչ, ռեժիսոր Արմեն Գրիգորյանն ուսի շրջանում լուրջ վնասվածք ունի, բժիշկներն այժմ նրան օգնություն են ցուցաբերում։
Ղազինյանի խոսքով ՝ մասնակիցները միայն ցանկանում էին իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանի համար այդքան բարդ ժամանակաշրջանում «գունագեղ» միջոցառումների անցկացման շուրջ։
«Իհարկե, անկախության օրը պետք է նշել, բայց դեռևս կան չպահանջված և տուն չվերադարձած գերիներ, գնահատականներ չեն տրվել (այդ թվում` քրեաիրավական) 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին, ցանկացած տոնակատարություն անընդունելի է»,-ասել է նա:
Երևանում լարված իրավիճակ է. բերման են ենթարկել Անկախության օրվա միջոցառման դեմ բողոքողների
Նախնական տվյալներով ՝ ընդհանուր առմամբ այսօր ոստիկանություն է տեղափոխվել ակցիայի ավելի քան 20 մասնակից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակը սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի, Հանրապետության հրապարակում կլինի մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին։
Այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։
Այնուհետև Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է "գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին" արտահայտությամբ։