ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքում ունի բավականին լուրջ պրոբլեմներ, որպեսզի Իսրայելի ցուցումներով կամ հրահրմամբ ներքաշվի հակաիրանական արկածախնդրության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Իհարկե, Միացյալ Նահանգների համար Իրանը թիվ մեկ թշնամին է, բայց հաշվի առնելով վերջին իրադարձությունները Աֆղանստանում, հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ–ի հարաբերությունների սառեցումը, չեմ կարծում, որ Վաշինգտոնն այս պահին կգնա Իսրայելի մատնանշած ճանապարհով և ավելի կվատացնի հարաբերություններն Իրանի հետ»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` ամբողջ աշխարհը կարծես թե համակերպվել է այն բանի հետ, որ Իրանը կարող է ունենալ միջուկային զենք, ուստի կարելի է հռետորական հարց հնչեցնել` ինչո՞վ է պայմանավորված այն իրողությունը, որ Պակիստանին կարելի է, որ ունենա միջուկային զենք, իսկ Իրանին` ոչ, այսինքն` պակիստանցիներն ավելի քաղաքակի՞րթ են, քան իրանցիները, թե ՞ Պակիստանն ավելի հանգիստ տարածաշրջանում է գտնվում, քան Իրանը։
«Շատերը հասկացան, որ փաստորեն միջազգային ահաբեկչության, միջուկային զենքը տարածելու, բալիստիկ, միջին և հեռահար հրթիռների մրցավազքի դեմ պայքարն ուղղակի ֆեյք էր, և որ ԱՄՆ–ն դրանք օգտագործում է իր արտաքին քաղաքականությունն ապահովագրելու ու հիմնավորելու համար»,– ասաց միջազգայանգետը։
Բալասանյանի խոսքով` այնպիսի տպավորություն է, որ շատ տարածաշրջաններ, մասնավորապես` Մերձավոր Արևելքը, արդեն այնքան էլ չեն հետաքրքրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Ըստ նրա` Բայդենը կարծես թե հիմնականում սևեռված է ներքին խնդիրների լուծման վրա։
Նշենք, որ միջազգային մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` մի կողմից առկա է Իրանի հուսադրող լավատեսությունը, որ գուցե կարող է ինչ–որ բան փոխվել ԱՄՆ–ի քաղաքականության մեջ, բայց մյուս կողմից այսօր էլ տեսանելի է ԱՄՆ–Իսրայել լուրջ տանդեմն Իրանի դեմ, որովհետև Իրանն այդ երկրների համար Մերձավոր Արևելքում այն գործոնն է, որն ընդդիմանում է ամերիկյան աշխարհաքաղաքականության ամբողջ ծավալով իրականացմանը։