ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է Սյունիքի Գորիս– Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի շուրջ ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը։
Ըստ ընդդիմադիր խմբակցության` ՀՀ իշխանությունների հակապետական վարքագիծը Բաքվին դրդում է նոր սանձարձակությունների։
«Պաշտոնական Երևանն օրինական է համարում ադրբեջանցիների գործողությունները՝ հղում անելով սովետական Ադրբեջանի քարտեզներին և Գորիս–Կապան ճանապարհի վերը նշված մասը համարելով ադրբեջանական։ ՀՀ իշխանությունների այս հակապետական վարքագիծն է՛լ ավելի է լկտիացնում Բաքվին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակությունների։ Այսպես շարունակվելու դեպքում Իրան–Հայաստան միջպետական M2 ճանապարհահատվածը գործնականում կդադարեցնի իր ֆունկցիոնալությունը՝ ՀՀ անվտանգության համար առաջացնելով լրջագույն մարտահրավերներ»,– ասված է հայտարության մեջ։
«Հայաստան» խմբակցությունը նաև հիշեցնում է, որ դեռ սեպտեմբերի 13–ին առաջարկել էր ԱԺ–ում Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում կազմակերպել` ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ, բայց խորհրդարանական մեծամասնությունը մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արել` «փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից»։
Ընդդիմադիր քաղաքական ուժը հայտարարում է, որ գործող իշխանությունների գոյության ամեն մի օրը նոր ճգնաժամի ու նոր կորուստների է հանգեցնելու, ուստի, իրենց դիտարկմամբ, միայն նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն։
Հիշեցնենք` օգոստոսի վերջին ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։
Սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին «սովորեցրել», թե ումն է Արցախը։