ՌԱԴԻՈ

Գորիս–Կապան ճանապարհի փակման դեպքում տարանցման ինքնարժեքը կբարձրանա

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող են լինել Գորիս–Կապան ճանապարհի փակման դեպքում։
Sputnik
Փաստացի ստացվում է, որ Իրանից Հայաստան տեղափոխվող բեռների կամ թեկուզ ՀՀ տարածքով տարանցման ինքնարժեքը բարձրանում է, ինչն էլ ուղղակիորեն հանգեցնելու է որոշակի գնաճային երևույթների, այսինքն` լոգիստիկ շղթան կթանկանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

"Կա՛մ պետք է որոնել այլընտրանքային ճանապարհներ, կա՛մ հրաժարվել տարանցման նման եղանակից։ Այստեղ անհրաժեշտ է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ փաստացի` Իրանից Հայաստան գալիս է ոչ միայն իրանական ծագման ապրանքը, այլև շատ հաճախ Չինաստանի ու ասիական այլ երկրների ապրանքները, որոնց ներկրումը Հայաստանի տարածքով ավելի շահեկան է, քանզի վրացական Փոթի նավահանգստում միջնորդավճարները գնալով թանկանում են, փոփոխվում են սակագները",– նշեց տնտեսագետը։

Խաչատրյանի դիտարկմամբ`ադրբեջանցիների կամայականությունների պատճառով տեղափոխման այս տարբերակը նույնպես կթանկանա, ինչն էլ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա։
Ըստ նրա` երկրները ժամանակակից աշխարհում միմյանց դեմ պայքարում են` օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները` քաղաքականից մինչև տնտեսական, հետևաբար, Ադրբեջանի կողմից նման քայլը պետք է դիտարկել նույն համատեքստում։
Իրանի դեսպանը Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարհին տիրող իրավիճակը
Տնտեսագետի պնդմամբ` հարցի լուծումը մեր պատկան մարմինների տիրույթում է, քանզի աբսուրդ է, երբ թշնամին ոչ միայն ներխուժել է երկրի սուվերեն տարածք, այլև անցակետ է դնում ու սկսում երրորդ երկրների բեռներից վճարներ գանձել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։
Մինչ այդ` օգոստոսի վերջին, ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։