Արցախցի նախարարը հանդիպել է պատանիների հետ, որոնց ավտոբուսն ադրբեջանցիները կանգնեցրել էին

Լուսինե Ղարախանյանը կատարվածը կոչել է ահաբեկչություն ու համեմատել տարիներ առաջ Բեսլանի դպրոցում կատարվածի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է Արցախի «Լեռնային Արցախ» ֆուտբոլային մանկապատանեկան թիմի անդամների հետ, որոնց տեղափոխող ավտոբուսը Գորիս–Կապան ճանապարհին կանգնեցրել էին ադրբեջանցիները։
Այս մասին Facebook-ում կատարած գրառման մեջ հայտնել է նախարարը` լուսանկարներ հրապարակելով երեխաների հետ հանդիպումից։
Արցախցի երեխաների հետ կատարվածը Լուսինե Ղարախանյանը համեմատել է Բեսլանի դպրոցում տարիներ առաջ կատարված ահաբեկչության հետ։

««Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է»,– գրում է արցախցի պաշտոնյան։

Նա նաև հայտնում է, որ պատանի մարզիկները չեն տրվել ազերի ահաբեկչի սադրանքին։
Ի դեպ, «Լեռնային Արցախ» ֆւտբոլային թիմը 2020–2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոնն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել է երկրորդ տեղը։