ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի հետ

Հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ORSIS-ի ներկայացրած ամբողջ տեսականու, այդ թվում՝ հեռանկարային նմուշների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Երևանի հետ։ ORSIS ( ընդգրկված է "Արդյունաբերական տեխնոլոգիաներ" ընկերությունների խմբում) ձեռնարկության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
Նա պատասխանել է հետևյալ հարցին` արդյոք ORSIS-ին հաջողվել է հաղթահարել թյուրըմբռնումը, որն առաջացել էր ՀՀ պաշտպանության նախարարության ձախողված մրցույթի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո։

«Հաջողվել է։ «Բանակ-2021» ցուցահանդեսի ժամանակ ընկերության ղեկավարությունը հանդիպել է պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակության հետ», – նշել է ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով ՝ հայ գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ORSIS–ի ամբողջ տեսականու նկատմամբ, այդ թվում՝ հեռանկարային նմուշների։
«Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS–ը նոր, դրական էջ է բացել հայկական կողմի հետ համագործակցելու համար», - նշել է Բայմետովը:
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հերքել է ORSIS-ի ներկայացուցչի մեղադրանքները
Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին զենքի մատակարարման մրցույթի պատճառով, որը պետք է տեղի ունենար 2019 թվականի ամռանը։ ՀՀ ՊՆ-ն չեղարկել էր ռուսական ORSIS ընկերության հայտը: ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» դեպքի առթիվ։ Հոկտեմբերին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը դիմել էր Հայաստանի պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով պարզել զենքի տենդերի ձախողման հարցը։
Արդյունքում «ORSIS-ի գործով» երկու քրեական գործերը միավորվեցին մեկ վարույթում։ Ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ ռազմական արտադրանքի մատակարարման տենդերի խափանումը տեղի է ունեցել ՊՆ–ի մեղքով:
Արդեն դեկտեմբերի վերջին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտարարեց, որ Հայաստանը կշարունակի զենք գնել ռուսական ORSIS ընկերությունից։