Մենք կարող ենք շատ հետ գնալ ու տեղ չհասնել. Քոչարյանը՝ ԽՍՀՄ սահմաններով դեմարկացիայի մասին

Ըստ տեղեկությունների՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, "խաղաղության պայմանագրի" շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մամուլում այսօր հայտնված տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացն իրականացնել՝ առանց Արցախի կարգավիճակի արձանագրման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:
Սահմանազատումը պետք է շուտ արվի. Զախարովան՝ Գորիս -Կապան ճանապարհի իրավիճակի մասին
«Չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել, բայց ես կարող եմ ասել, որ այդ մասին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո գնում են խորհրդատվություններ։ Եվ բնականաբար մենք պետք է մտնենք այդ փուլ, ու այդ փուլ մտնելուց սկսած պետք է կարողանանք լարվածության թուլացման ու դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնենք անշրջելի»,– ասաց Քոչարյանը։
ՔՊ անդամ Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ բանակցային գործընթացի վերաբերյալ իշխող քաղաքական ուժը որդեգրել է արձանագրված ցանկացած փաստ պետական խողովակների միջոցով հանրությանը հասցնելու քաղաքականություն։ Լրագրողների հարցին, թե ինչու են բանակցություններն իրականացվում խորհրդային քարտեզների ու սահմանների շուրջ, եթե Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է առաջին հանրապետության իրավահաջորդ` չճանաչելով իր խորհրդային սահմանները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եկեք քարտեզներ չճանաչենք, Ադրբեջանն ամեն օր ասի` սա մերն է, մենք ասենք` սա մերն է, և այդպես կանգնենք ու ասենք` բա մեղավորն ո՞վ է։ Պետք է ինչ–որ մի սահման դնենք, ու այդ սահմանի շուրջ սկսենք խոսել»։
Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. Արմեն Գրիգորյան
Հարցին, թե ինչ հնության խորհրդային քարտեզներ են դրվում բանակցային սեղանին ու ինչ տարածքային իրողություն են դրանք արձանագրում, Անդրանիկ Քոչարյանն արձանագրեց. «Մենք կարող ենք շատ հետ գնալ ու տեղ չհասնել, և կարող ենք տվյալ պահին ֆիքսված իրողությունների հետ առնչվել և ունենալ խաղաղության հնարավորություն»։
Հիշեցնենք` «Հրապարակն» այսօր գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Ըստ թերթի աղբյուրի, բանակցություններն ավարտվել են, հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից:
ԱԱԾ–ն գուցե ենթադրում է` այդ տարածքը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանին. Օհանյան
Հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:
Հաջողվել է նաև անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունն Արցախում`առանց 5 տարվա սահմանափակումների: