ՀԱՊԿ երկրներին նոր սպառազինություն հատկացնելու պատրաստակամությունը կարող է բխել Ռուսաստանի քաղաքական կամքից, սակայն կառույցի ներսում երկրներն ունեն ֆինանսական տարբեր հնարավորություններ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակատ հայտնեց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
«Եթե իսկապես տեղի ունենա ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի վերազինում, ապա դա Հայաստանի համար այնքանով է դրական, որ մեր երկիրը լինելով կառույցի անդամ` ծանոթանալու է նոր սպառազինությանն ու դրա կիրառման հնարավորություններին։ Դա փորձ է ու անհրաժեշտ տեղեկատվություն։ Բայց և այնպես եթե խոսքն առնչվում է մասնավորապես ՀՀ զինված ուժերի զարգացմանը, ապա այստեղ շարունակում են որոշիչ մնալ մեր հնարավորությունները, քանի որ սպառազինության ոլորտում երաշխիքներն ու արտոնությունները գոյություն ունեն երկար տարիներ, որոնցից օգտվել է Հայաստանը»,– նշեց ռազմական վերլուծաբանը։
Հարությունովի խոսքով` այս պահին դժվար է ինչ–որ հստակ բան ասել, որովհետև միայն խոսակցություն է եղել ՀԱՊԿ–ի կոլեկտիվ ուժերի մասին, և այն էլ՝ Աֆղանստանում ընթացող պրոցեսների համատեքստում, բայց պարզ է, որ հիմնական ուշադրությունը հատկացվելու է միջինասիական ուղղությանը։
Ըստ նրա` եթե խոսքն առնչվում է կազմակերպության ուժերի ընդհանուր արդիականացմանը, ապա տրամաբանական է նաև այդ համատեքստում կառույցը հատկապես անօդաչու կազմավորումներով համալրելը, ինչը ժամանակակից մարտական գործողությունների կարևորագույն տարրն է։
Ռազմական վերլուծաբանի կարծիքով`չարժե ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահումից լուրջ ակնկալիքներ ունենալ, քանզի կազմակերպությունն ունի սահմանափակումներ, որոնք կապված են անդամ երկրների շահերի և ընդհանուր իրավիճակի հետ։
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Դուշանբեում համատեղ հռչակագիր են ընդունել, որի տեքստից հետևում է, որ ՀԱՊԿ առաջնորդները հաստատել են արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ից ստանձնել է Հայաստանը, և Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարեվերջին ՝ Երևանում: