ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է նոյեմբերի 14-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ ԲՀԿ-ի Ստեփանավանի տարածքային կառույցի Facebook էջը հրապարակել է թեկնածուի անունը և լուսանկարը։
«Սիրով տեղեկացնում ենք, որ ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել մասնակցելու Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններին, որտեղ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ Ստեփանավանի խորհրդի նախագահ պարոն Հարություն Ղարագոզյանը», – գրված է հաղորդագրության մեջ։
Չնայած դրան` ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ոչ հաստատում, ոչ հերքում է ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ–ի մասնակցությունը։
«Քննարկումները գնում են։ Թույլ տվեք` մանրամասներ չբացենք, բայց, այո, թեկնածուներ ունենք (տարբեր ՏԻՄ ընտրություններին)», – ասաց նա։
Աբովյանի խոսքով` ԲՀԿ–ն «միշտ կոնստրուկտիվ է եղել և չի մասնակցելու քաղաքական ուժերի` միմյանց ատելու ու փոխադարձ ոչնչացնելու գործընթացին»։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։