ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ պատգամավորները, այդ թվում` ընդդիմադիր, այսօր պարգևավճարներ են ստացել։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել։ Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված»,– ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ իրենց քաղաքական ուժի համար դա անընդունելի է, և «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այդ պարգևավճարներից չեն օգտվելու։
«Հավանաբար կա՛մ կվերադարձնենք ՀՀ պետական բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ մարզերում կիրականացնենք որևէ ծրագիր»,– ասաց Սաղաթելյանը։
Նա նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու առանց չափորոշիչների պարգևավճարների օրինականությունը։