ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները հաստատում են` պարգևավճարներ ստացել են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։
«Այդ հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և պատգամավորները` անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ գումար` պարգևատրման տեսքով»,– ասաց Տիգրանյանը` հավելելով, որ Անկախության առիթով պարգևավճարներ են ստացել ոչ միայն ԱԺ–ի, այլև ամբողջ պետական ապարատի աշխատակիցներն ու հանրային ծառայողները։
Հիշեցնենք` ավելի վաղ ԱԺ խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամին Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ԱԺ բոլոր պատգամավորներն այսօր պարգևավճարներ են ստացել։ Սաղաթելյանը նշել էր, որ «Հայաստան» խմբակցությունը չի վերցնելու գումարը, և կա՛մ կվերադարձնի ՀՀ պետական բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ մարզերում կիրականացնի որևէ ծրագիր։
Նա նաև հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու առանց չափորոշիչների պարգևավճարների օրինականությունը։