ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը դուրս եկավ կառավարության շենքից և զրուցեց զոհված զինծառայողների` բողոքի ակցիա անող հարազատների հետ։
Հայտնել էինք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում` պահանջելով Անկախության օրը նախատեսված համերգը չեղարկել։ Միաժամանակ Անկախության օրվա միջոցառման փորձն է ընթանում։
"Մեր եղբայրները զոհվել են, որ երկիրն անկախ մնա։ Մենք անցած տարի, նախանցած տարի գերի չե՞նք ունեցել, որ Անկախության օրը նշել ենք։ Մեր 30 տարիների հիշարժան դեպքերը բեմականացման միջոցով ենք ցույց տալու այդ օրը",–ասաց Սարգսյանը։
Զոհվածների հարազատները չհամաձայնեցին նրա հետ։ "Ես իմ տղայի հարսանիքն էի ուզում անել, ախր",–ասաց նրանցից մեկը, իսկ մեկ ուրիշն էլ հարցրեց` եթե Նաիրի Սարգսյանի հարազատը զոհվե՞ր, նա Անկախության օրը քեֆ-ուրախությո՞ւն էր անելու։
Սարգսյանը բողոքի ակցիա անողներին առաջարկեց մտնել կառավարություն և տեսնել, թե ինչ է սպասվելու Անկախության օրը։ Նա խոստացավ, որ վիզուալ ձևով ցույց կտա` ինչ է սպասվում։ Հայտնեց նաև, որ Անկախության 30-ամյակի միջոցառումները սկսվելու են Եռաբլուր այցից։
"Մեր երեխեքի տարին ախր չենք տվել։ Եկեք մոմավառությամբ երթ կազմակերպեք Եռաբլուր, ուրիշ բան կազմակերպեք։ Դուք երաշխավորո՞ւմ եք, որ այդ օրն արյունահեղություն չի լինի",–ասաց զոհվածներից մեկի հարազատը։
Ծնողները հրաժարվեցին Սարգսյանի հետ կառավարություն մտնել` փոխարենն ասելով, որ փաթեթով կներկայացնեն, թե ինչպես են ուզում, որ Անկախության օրը նշվի։