Ամեն ինչ անել հաղթանակի համար. գեղեցկուհիները՝ նպատակների ու հաղթանակի ակնկալիքի մասին

Հաշված օրեր, ու ևս երկու գեղեցկուհիներ հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու "Միսս Տիեզերք" և "Միսս Աշխարհ" հեղինակավոր մրցույթներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի -Sputnik. Այս օրերին «Միսս Աշխարհ Արմենիա» և «Միսս Տիեզերք Արմենիա» մրցութներին մասնակցող 20 աղջիկները ապրում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում և մասնակցում իրենց մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որն էլ ցուցադրվելու է սեպտեմբերի 22-ին` թագադրման օրը: Ֆիլմի ցուցադրումից հետո էլ հայտարարվելու են տվյալ մրցույթների երկու հաղթողները:
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում, զրուցել աղջիկների և իհարկե «Միսս Արմենիա» համահայական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանի հետ։
"Միսս Արմենիա" համահայական մշակութային հիմնադրամի նախագահ, "Միսս Հայաստան 1998", "Միսս ԱՊՀ 1999" Գոհար Հարությունյան
Նրա խոսքով արդեն երկու տարի է՝ ինչ մշակում էին մի նոր ձևաչափ, որը ավելի շատ կպատմեր աղջիկների, նրանց անցյալի, նպատակների, երազանքների մասին։
«Այս տարի մեր աղջիկները բավական կրթված են, շատերը մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, և պարզապես, ցույց տալ նրանց բեմի վրա քայլելիս՝ մեր կողմից մեծ մեղք կլիներ, որովհետև հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնել մյուս երկրների գեղեցկուհիների կողքին և մրցել»,–ասաց Գոհարը, շեշտելով, որ դա է պատճառը, որ հիմա աղջիկների մասին վավերագրական ֆիլմ են նկարում:
Գոհարի խոսքով՝այս տարի բեկումնային կլինի այն առումով, որ հասարակությունը կհասկանա, որ գեղեցկության մրցույթների մասնակիցները շատ նպատակասլաց, հզոր, հոսքին հակառակ գնացող և մեծ ապագա ունեցող աղջիկներ են:
Անդրադառնալով տարածված կարծրատիպերին՝ Գոհարը կրկին շեշտեց, որ գեղեցկության մրցույթները ոչ հասակի, ոչ 90-60-90-ի, ոչ էլ արտաքին այլ ստանդարտների մասին են:
Ովքե՞ր են «Միսս տիեզերք Արմենիա–2021»–ի և «Միսս աշխարհ Արմենիա–2021»–ի մասնակիցները
«Մրցույթին մասնակցում են նաև կարճահասակ աղջիկներ, որոնք եկել են ասելու, որ կարճահասակ աղջիկն էլ կարող է գեղեցիկ և մրցունակ լինել: Հստակ դրված չափանիշներից է տարիքը. «Միսս Տիեզերքում" այն 18-28-ն է, «Միսս Աշխարհ»-ում՝ 17-26-ը: Նաև պարտադիր է, որ մասնակիցները լինեն չամուսնացած, մնացած չափանիշները ցանկալի են, բայց պարտադիր չեն, դրանք են՝ հանրային խոսքի վարպետությունը, անգլերենի իմացությունը, բեմական կեցվածքը, քայլվածքը, որոնք կարելի է սովորեցնել, և, իհարկե, իրենց պատմությունը, կյանքից քաղած դասերն ու ասելիքը»,–ասաց նա:
Նշենք, որ մրցույթն անցնելու է երեք փուլերով: Աշխարհի տարբեր տեղերից ժամանած ժյուրին հարցազրույցի փուլում կլսի աղջիկներին և իր որոշումը կկայացնի սեպտեմբերի 18-ին, իսկ 19-ին կգնահատի աղջիկների բեմական կեցվածքը։
«Սեպտեմբերի 22-ին կունենանք կարմիր գորգ, ֆիլմի ցուցադրություն և թագադրում, բայց դա վերջնական ֆիլմը չի լինի, քանի որ թագադրման կադրերը ևս կավելացվեն ֆիլմի վերջնական տարբերակին»,-հավելեց Գոհարը։
Այս տարվա մրցույթին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած հայուհիներ, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից , Իրանից ու Իսպանիայից:
Մրցույթի ժյուրիի անդամները 9 են: Պրոդյուսեր Էդգար Սահակյանն էլ իր հերթին շեշտեց, որ ամենակարևորը պրոֆեսիոնալ ժյուրի կազմ հավաքելն էր։
Պրոդյուսեր Էդգար Սահակյան
«Երբ ժյուրիի կազմը պրոֆեսիոնալ չէ, նրանք միայն աղջիկների արտաքին գեղեցկությանն են ուշադրություն դարձնում, իսկ գեղեցկության մրցույթներում միայն այդ չափանիշը չէ, որ կարևոր է»,-նշեց նա։
Մինչ ժյուրիին ներկայանալը աղջիկները փորձում են իրենց հնարավորինս ճիշտ ներկայացնել նկարահանումների ժամանակ։ Այս ընթացքում հանրությունը հնարավորություն ունի քվեարկել իր նախընտրած գեղեցկուհու օգտին։
Այս տարի «Միսս Տիեզերք Արմենիա» մրցութին մասնակցում է նաև 26–ամյա դերասանուհի Ադրիանա Գալստյանը։ Գաղտնիք չէ, որ նա շատ հետևորդներ ունի և շատերն են ուզում նրան գեղեցկուհու տիտղոսով տեսնել։
Ադրիանա Գալստյան
Ինքը` Ադրիանան, վստահեցնում է, որ մեծ աշխատանք է տանում, երբեք ձեռքերը ծալած հանգիստ չի նստում ու մտածում, թե ինքը շատ հետևորդներ ունի։
«Ես բոլորին ասում եմ, որ իմ օգտին քվեարկեն, անգամ մեկ հոգու չեմ անտեսել և ասել եմ , բացատրել եմ ինչպես քվեարկեն։ Անգամ դիմահարդարման կամ վարդսահարդարման գնալիս ասում եմ` իսկ դուք քվեարկե՞լ եք իմ օգտին»,–ժպիտով ասում է դերասանուհին։
Ադրիանայի համար գեղեցկության մրցույթների մասնակցելը երազանք է եղել հասակի պատճառով։
«Ես ունեի կարծրատիպ, որ եթե աղջիկը շատ բարձրահասակ չէ, ապա նա չի կարող մասնակցել նման մրցույթներին, բայց ամեն ինչ փոխվեց, երբ տեսա Գոհար Հարությունյանի հոլովակը, որտեղ նա նշեց որ չկան հատուկ չափանիշներ, այլ ավելի կարևոր է ասելիք ունենալը»,–ասաց դերասանուհին։
Նա շեշտեց, որ մի շարք նպատակներ ունի հաղթելու դեպքում։ Դրանցից մեկն էլ սեփական երկրին օգուտ տալն է։ Բացի այդ իր համար կարևոր է ունենալ ավելի մեծ լսարան, լինել մարդ, ում խոսքը կշիռ կունենա։
«Եկեք բաց խոսենք՝ եթե հաղթանակ, ապա պետք է ամեն ինչ անել դրա համար»,–ասաց Ադրիանան։
«Բնականաբար, հաղթանակի ակնկալիք ունեմ և դրա համար անում եմ ամեն ինչ։ Ես վստահ եմ իմ ուժերին, գիտեմ, որ պատրաստ եմ ու արժանի եմ հաղթանակի»,–ասում է գեղեցկուհին։
«Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի մասնակից 24–ամյա Վիկտորիա Բալոյանը Հայաստան է ժամանել Մոսկվայից։
Վիկտորիա Բալոյան
16 տարեկանից գեղեցկության մրցույթների է մասնակցել ու 14 մրցույթների տիտղոսակիր է։
Նա շատ է ուզում , որ Հայաստանը ավելի զարգանա, ավելի ճանաչելի դառնա ողջ աշխարհում։
«Ուզում եմ Հայաստանում զարգանա տուրիզմը, բարեգործական ծրագրեր ավելի շատ լինեն և ինչու ոչ՝ նման միջազգային մրցույթներ անցկացվեն նաև Հայաստանում»,–ասաց նա։
«Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի մյուս մասնակիցը 23–ամյա Կրիստինա Այանյանն է։ Նա ծնվել ու մեծացել է Բոստոնում, բայց հայկական արմատների մասին չի մոռացել։
Կրիստինա Այանյան
«Հինգ տարի հայկական դպրոց եմ գնացել, ու հենց ուսուցիչներիս, ծնողներիս շնորհիվ է, որ իմ մեջ արթնացել է անսահման սերը Հայաստանի հանդեպ»,–ասում է նա։
Կրիստինան մոդելինգով սկսել է զբաղվել 15 տարեկանից, իսկ 2020 թվականին դարձել է «Միսս Բոստոն» ու տեսել, թե որքան ճանապարհներ են իր առջև բացվում։ Դա է պատճառը, որ ուզում է Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթում ու այդ հնարավորությունները օգտագործել ի շահ իր հայրենիքի։
«Իմ նպատակն է սփյուռքը միացնել մայր հողին, բարեգործական աշխատանքներով զբաղվել։ Մասնագիտությամբ լինելով ֆինանսիստ՝ ուզում եմ համագործակցել հայկական փոքր ու միջին ընկերությունների հետ ու նրանց հեղինակությունը բարձրացնել ամբողջ աշխարհում»,–ասաց նա։
Գեղեցկուհիներ 18–ամյա Լիդիա Ծատրեանը և 25–ամյա Փրենի Դավթյանը Հայաստան են ժամանել Իրանից։ Նրան վաղուց են իրար ճանաչում և շատ լավ հարաբերություններ ունեն, բայց երկուսն էլ կպայքարեն «Միսս Աշխարհ Արմենիա» տիտղոսի համար։
Լիդիան ու Փրենին ուզում են աշխարհին պատմել Արցախի մասին, Հայաստանի և Իրանի հայուհիների խնդիրների մասին։ Լիդիան զբաղվում է պրոֆեսիոնալ վոլեյբոլով։ Վերջին 2 տարիներին զբաղվում է նաև մոդելինգով։ Ուզում է ուսումը շարունակել Հայաստանում ու դառնալ վոլեյբոլի մարզիչ։
18–ամյա Լիդիա Ծատրեան
«Կաշխատեմ այն երեխաների համար, որոնց ընտանիքներն անապահով են»,–ասում է նա։
Փրենին իր հերթին արդեն 4 տարի է զբաղվում մոդելինգով։ Նա հասցրել է 2019 թվականին Հայաստանը ներկայացնել Face of Beauty International մրցույթին և մեծ փորձ ձեռք բերել։
Փրենի Դավթյան
Փրենին հաղթելու դեպքում բազմաթիվ նպատակներ ունի, որոնք ուզում է իրականացնել։
«Շեշտը կդնեմ այն երեխաների վրա, որոնք տուժել են պատերազմի ընթացքում հատկապես կրթության մասով»,–ասաց նա։
24–ամյա Նանե Ավետիսյանն էլ ուզում է կոտրել այն կարծրատիպը, թե գեղեցիկ ու խնամված աղջիկը չի կարող խելացի լինել։
Նանե Ավետիսյան
Նանեն ավարտել է Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո իր հարազատ դպրոցում բարեգործական հիմքերով իրավաբանություն է դասավանդել, այժմ աշխատում է բարեգործական հիմնադրամում։
«Մրցույթը հաղթելուց հետո ես չեմ շեղվելու այն ճանապարհից, որն արդեն ընտրել եմ, ուղղակի գնալով ընդլայնելու եմ իմ գործունեության ոլորտը»,–ասում է գեղեցկուհին։
Մյուս մասնակիցը ծնունդով Վանաձորից 24–ամյա լեզվաբան Լիա Սարգսյանն է։
Լիա Սարգսյան
Նրա խոսքով`այսօր գեղեցկության մրցույթները շատ մեծ հնարավորություն են տալիս կարևոր խնդիրների մասին բարձրաձայնելու թե՛ ազգային, թե՛ միջազգային հարթակներում։
Պատրաստվում է ձեռք բերել զբոսավարի որակավորում, պլանավորում է հաջորդ տարվանից իր սիրելի աշխատանքով զբաղվել։ Շատ է ցանկանում աշխատել Արևմտյան Հայաստանում։
Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում։