ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուսը: Ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նշենք, որ համացանցում երկու տեսանյութ է շրջանառվում. դրանցից մեկում հայկական ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերում է Արցախի դրոշը, իսկ մյուսում երևում է, թե ինչպես է նա կանգնեցրած ավտոբուսի մեջ նստած երեխաներին "սովորեցնում", թե ումն է Արցախը։
"Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ երեխաները Արցախի երեխաների ֆուտբոլի հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան",–ասում է Թաթոյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաներ տեղափոխող ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը: ՄԻ պաշտպանը նկատում է` ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Թաթոյանը շեշտում է` այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:
"Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիալական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք",–ասում է Թաթոյանը։
Նա նաև հավելում է, որ մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ։
Հիշեցնենք, որ Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնել էր` երեկ երեկոյան Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են սահմանապահ զորքերին հաց հասցնող մեքենան, ինքնաձիգով հարվածել մեքենային, վարորդից պահանջել, որ մեքենայի դռներն ու պատուհանները բացի։
Ավելի վաղ Քոչարյանը հայտնել էր նաև, որ 3 հայ վարորդներ ասել են` Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիները ստուգել են իրենց փաստաթղթերն ու բեռները։
Այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանցի բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։