ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստում` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ ,ազատվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։
"Կառույցը սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս ու 6 օր անց։ Այդ ընթացքում դեռ ամբողջությամբ չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվեն։ Իսկ ամբողջ ծավալով, այդ թվում` օպերատիվ ստորաբաժանումը, կսկսի գործել, կարծում եմ, եկող տարվա սկզբից",– կառավարության նիստում ասաց Սասուն Խաչատրյանը` հավելելով, որ այդ ընթացքում կստեղծվեն նաև տարածքային մարմիններ։
Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ նորաստեղծ մարմնի աշխատանքի շնորհիվ կոռուպցիոն հանցագործությունների քննության ու բացահայտման մակարդակը կբարձրանա։
Սասուն Խաչատրյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվում վեց տարի ժամկետով:
Հիշեցնենք` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված 3 թեկնածուները հաղթահարել էին մրցութային հանձնաժողովի հարցուպատասխանի փուլը։
ՀՔԾ գործող նախագահ Սասուն Խաչատրյանը ստացել էր 308 միավոր, Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը` 257 միավոր, փաստաբան Գառնիկ Թորոսյանը` 302 միավոր։
Հանձնաժողովի անդամները գնահատել են նաև թեկնածուների բարեվարքությունը։ Այս ցուցանիշով առջևում Դավիթ Մկրտումյանն է, որի բարեվարքությունը գնահատվել է 121 միավոր, Սասուն Խաչատրյանի բարեվարքությունը հանձնաժողովը գնահատել է 112, Գառնիկ Թորոսյանինը`107 միավոր։