ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ՆԳՆ–ն աշխատանքային միգրանտներին և երկար ժամանակով ՌԴ ժամանած օտարերկրացիներին կսկսի չիպավորված պլաստիկ քարտեր տրամադրել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության Պրիմորյեի վարչության մամուլի ծառայությունը։
Այս նորամուծությունը կսկսի գործել 2021 թվականի դեկտեմբերի 29-ից։ Տեղեկությունների էլեկտրոնային կրիչի դեր է կատարելու պարտադիր դակտիլոսկոպիկ գրանցում անցնելու մասին տվյալներով և անձի լուսանկարով չիպը։
ՆԳՆ–ի հրամանի համաձայն` էլեկտրոնային կրիչով նման պլաստիկ քարտեր տրամադրելու են տեխնիկական հնարավորության առկայության դեպքում, իսկ մյուս դեպքերում փաստաթուղթը կձևակերպվի առանց դրա։
Հայտնի է, որ էլեկտրոնային կրիչով 85,60х53,98 մմ չափերով պլաստիկ քարտը երկու կողմ կունենա։
Քարտում անհպում ինտերֆեյսով (միկրոսխեմայի տեսքով) չիպ է տեղադրված լինելու, որը տեղեկություններ է պարունակելու այն օտարերկրյա քաղաքացու մասին, որին տրվել է։
Այսպես, օրինակ, դիմերեսին պատկերված է լինելու օտարերկրացու գունավոր կամ սևուսպիտակ լուսանկարը։ Քարտը նաև փաստաթղթի նույնականացման համարակալում է ունենալու, պարունակելու է օտարերկրացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվն ու սեռը։
Հակառակ կողմում զետեղված կլինի տեղեկություն նրա քաղաքացիության և անձը հաստատող փաստաթղթի մասին։
Նշվում է նաև, որ չիպի վրա ձեռքի երկու մատի մատնահետքի էլեկտրոնային պատկերն է լինելու, որն անհրաժեշտ է նույնականացման համար։