Փաշինյանն առաջարկել է ՀԱՊԿ–ը համալրել անօդաչու կազմավորումներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի -Sputnik. ՀԱՊԿ–ում նախագահությունը ստանձնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դուշանբեում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել ՀԱՊԿ–ը անօդաչու կազմավորումներով համալրելու առաջարկով։
«Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, համալրել ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով, վերազինել ժամանակակից միջոցներով և կատարելագործել դրանց ղեկավարումը»,– իր ելույթում ասել է Փաշինյանը։
ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում
ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ` ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով: