ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի հետ այս պահին գտնվում է ոստիկանությունում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։
«Ակցիայի շրջանակում զրուցելու, խորհրդակցելու նպատակով են հրավիրվել։ Այս պահին ինքը մենակ չէ ոստիկանական բաժանմունքում»,- հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։
Ցույցին ներկա էր նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որի խոսքով` ժողովուրդը դեմ է խոշորացմանը, բայց հաշվի չեն առնում բնակիչների կարծիքը։
Նա հայտնել էր, որ դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, բայց ոչ մի արձագանք չկա։