ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի -Sputnik, Աստղիկ Սուքիասյան. 15 տարի առաջ մեծ » ֆիլմը, որն անչափ սիրեց հանդիսատեսը։ Եվ ահա ֆիլմից 15 տարի անց Կիրակոսյանը որոշել է նոր շունչ տալ ֆիլմին, անել այն, ինչ այն ժամանակ անհնարին էր։ Երեկ տեղի է ունեցել ֆիլմի վերամշակված տարբերակի պրեմիերան, որին ներկա է եղել Sputnik Արմենիան ու զրուցել ռեժիսորի հետ։
Գոռ Կիրակոսյան
© Photo : SHOOSH
Նշենք, որ Գոռ Կիրակոսյանը ֆիլմը նկարահանել է 24 տարեկանում և ներկայացրել որպես դիպլոմային աշխատանք։ Սակայն այն ոչ միայն ճանապարհ հարթեց Գոռի, այլև ֆիլմում նկարահանված սկսնակ դերասանների համար։
Կիրակոսյանը համավարակի ընթացքում որոշել է վերամշակել ֆիլմը միայն իր համար։
Նազենի Հովհաննիսյան
© SHOOSH
«Ֆիլմը արտադրեցինք DVD որակի համար, բայց ժամանակի ընթացքում թվային ձևաչափը զարգացավ, ու ես այնքան ափսոսում էի, որ չկար ֆիլմը ժամանակակից տարբերակը, որն արժեր մեծ էկրաններին ցույց տալ: Անցած տարի, համավարակով պայմանավորված, ազատ ժամանակ շատ ունեի, ու ես որոշեցի վերադառնալ ֆիլմին և հետարտադրություն իրականացնել զրոյից: 5-6 ամիս աշխատել ենք, արխիվից հանել ենք մոտ 96 կասետ ու նորից նույնությամբ հավաքել ֆիլմը, մոնտաժել, գույները կարգավորել»,–ասում է Կիրակոսյանը:
Նրա խոսքով`ֆիլմի վերամշակման ժամանակ հասկացել է, որ չի կարող այն փոփոխության ենթարկել, քանի որ այն ստացված ֆիլմ է, ունի իր շարմն ու էներգիան, որը փոխանցել է հանդիսատեսին ու հետ ստացել:
Արամ MP3-ը կնոջ հետ
© SHOOSH
Նշենք, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որը Գոռը լսել է երգչուհի Նաիրա Վարդանյանից:
«Կար ֆիլմ նկարելու գաղափար, բայց դեռ չգիտեի` ինչի մասին, ու հիշեցի, որ մեր մտերիմներից Նաիրա Վարդանյանն ինձ պատմել էր իրենց հետ պատահած այս պատմությունը: Երբ վերադարձա Հայաստան, Նառային խնդրեցի, որ նորից պատմի այն, ու արդեն ձայնագրեցի: Ի դեպ, Նառան է եղել այն աղջիկը, որը հայտնաբերել է, որ օտար մարդու են բերել իրենց տուն, ու իր եղբայրն ամբողջ քաղաքով փնտրել էր իրենց հորեղբորը: Սա իրական դեպքերի վրա հիմնված պատմություն է, որին մենք տվել ենք գեղարվեստական բնույթ ու հումորային երանգ»,–ասաց նա:
Աշոտ Ղազարյանն ընտանիքի հետ
© Photo : SHOOSH
Ռեժիսորի խոսքով` ֆիլմի հին տարբերակը «Յութուբից» արդեն հեռացվել է։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Կիրակոսյանի խոսքով` երբ ինքը դեռ փոքր էր, երազում էր ֆիլմ նկարահանելու մասին, միշտ Հրանտ Թոխատյանին ասում էր, որ նա պետք է նկարահանվի իր առաջին ֆիլմում:
"Մեծ պատմություն փոքր քաղաքում" ֆիլմի վերամշակված տարբերակի շնորհանդեսի ժամանակ
© SHOOSH
«Երբ արդեն ունեցա սցենարը, Թոխատյանին առաջարկեցի Համլետի կերպարը, որին ֆիլմում մարմնավորում է Վահանգն Սիմոնյանը, սակայն Հրանտն առաջարկեց լինել ֆիլմի ձայնը, պատմել բոլոր գործողությունների մասին: Հետո նա առաջարկեց մարմնավորել ֆիլմի հանգուցյալին: Հրանտն այդ շրջանում նկարահանվում էր «Մեր բակը 3» ֆիլմում, շատ զբաղված էր, նրան թվում էր, թե դագաղում պառկելը շատ աշխատատար չի լինի, կգա, կպառկի ու կզբաղվի իր մյուս աշխատանքներով: Պարզվեց, որ չէր պատկերացրել, որ իր նկարահանման օրերը շատ են ու բավական տանջալի կլինեն: Նա պառկած էր դագաղում, սակայն ստիպված էր շունչը պահել, քանի որ պառկած մարդու որովայնից երևում է, որ նա շնչում է»,–ասում է ռեժիսորը։
"Մեծ պատմություն փոքր քաղաքում" ֆիլմի վերամշակված տարբերակի շնորհանդեսի ժամանակ
© SHOOSH
Նա ծիծաղով է հիշում, որ անգամ դադարների ժամանակ չէր թույլատրում, որ Թոխատյանը դուրս գար դագաղից, քանի որ կկեղտոտեր կոշիկները, որից էլ կզգացվեր, որ նա քայլել է։
«Իսկապես շատ բարդ էր, նա դագաղում պառկած էր կոստյումով, իսկ մենք նկարահանում էինք օգոստոս ամսին, պատկերացրեք, թե որքան շոգ էր: Իհարկե, շատ է տանջվել, սակայն հիշվող դեր է: Ես իսկապես շատ շնորհակալ եմ, որ համաձայնել է խաղալ, ավելին՝ ինքն էլ առաջարկել է այս դերը: Երկու դերասան հրաժարվել էր այս դերից, կարծում եմ, որ չէին վստահել, քանի որ սկսնակ եմ, սակայն Հրանտը ճանաչում էր ինձ, գիտեր իմ երազանքների մասին»,-վերհիշեց ռեժիսորը:
Ֆիլմում նկարահանվել են նաև Դավիթ Թովմասյանը, Նարեկ Ղափլանյանը, Խորեն Լեւոնյանը, Արաքսյա Մելիքյանը, Վահագն Սիմոնյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, Վահագն Գալստյանը, Ջուլիետա Բաբայանը և այլք: