ՌԱԴԻՈ

Ամանորյա տոնական օրերի կրճատումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա. Սաֆարյան

Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության նախաձեռնությանը, որով կրճատվում է ամանորյա հանգստյան օրերի քանակը և պատասխանել այն հարցին, թե ինչպես դա կանդրադառնա զբոսաշրջության վրա։
Sputnik
Ամանորյա հանգստյան օրերի կրճատման որոշումը իր ազդեցությունը կունենա հատկապես ներքին զբոսաշրջության ոլորտում, քանզի ՀՀ քաղաքացիների համար դա ամենաերկարատև արձակուրդն էր, որից լիարժեքորեն օգտվում էին իրենց հանգիստը կազմակերպելու նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
Նրա խոսքով` համավարակից հետո իրավիճակն այնպիսին էր, որ մարդիկ մնում էին երկրում և ներքին զբոսաշրջությունն ակտիվանում էր հենց այդ օրերին, իսկ փոփոխության արդյունքում հյուրանոցներն ու ռեստորանները կզրկվեն այդ հաճախորդներից։

«Մյուս կողմից պետք է նշել, որ ամանորյա օրերին ՀՀ–ում գտնվող զբոսաշրջիկներն անելու շատ բան չունեին, քանզի փակ էին ժամանցի վայրերը, սպասարկման ծառայությունները, այսինքն`կար մարդկանց զբաղմունքն ապահովելու խնդիր, ուստի տվյալ որոշումը դրական է այն առումով, որ համեմատաբար շուտ կվերսկսեն իրենց աշխատանքը թանգարանները, թատրոնները, ժամանցի վայրերը»,– նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահը։

Նրա խոսքով, սակայն, այստեղ կա գործատուների հետ կապված մեկ այլ խնդիր, որ աշխատողները կփորձեն հանգիստն իրենց հասանելի արձակուրդը պլանավորել հենց այդ օրերին, որովհետև հետաքրքիր միջոցառումներն ամբողջ աշխարհում կազմակերպվում են այդ ժամանակահատվածում։
Սաֆարյանի կարծիքով` ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման որոշումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, բայցևայնպես, կարելի էր ևս մեկ տարով հետաձգել որոշումը, քանի որ համավարակի պատճառով ունենք զբոսաշրջության տուժած ոլորտ։ Ըստ նրա` ամանորյա օրերի հաշվին եկամուտների հոսքերի պահպանումը կարևոր էր հատկապես զբոսաշրջային ծառայություններ մատուցող մարզային կազմակերպությունների համար։
Ամանորյա արձակուրդներ այլևս չեն լինի. ՀՀ կառավարությունը դեմ է «խրախճանքի 10-օրյակին»
Սաֆարյանը վստահ է` ամանորյա օրերի կրճատման որոշումն ազդելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա։ Մարդկանց այդ օրերին հանգստի իրավունքից զրկելը, նրա խոսքով, իրավաչափ չէ և չի համադրվում զարգացած երկրների քաղաքականության հետ։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հերթական նախագիծը, ըստ որի` առաջարկվում է կրճատել Ամանորի հանգստյան օրերի քանակը և ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31–ն ու հունվարի 1-ը։ Առաջարկվում է նաև հունվարի 2–ը, 3–ը, 4–ը, 5–ը, 7-ը դարձնել աշխատանքային և միայն հունվարի 6-ը հաստատել հանգստյան օր`սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ։