Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին չի այցելել. պրոֆեսորը հերքել է տեղեկությունը

Պաշտպանը տեսակցել է պրոֆեսորին ու զրուցել նրա հետ։ Չարչյանը դատապարտել է սուտ տեղեկության շրջանառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պրոֆեսոր Արմեն Չարչյանին չի այցելել։ Տեղեկությունը հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Մամուլն այսօր գրել էր, որ Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
«Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին և զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը, խստորեն դատապարտեց սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել, և նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»,– Facebook-ի իր էջում գրել է պաշտպանը։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։