Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների փաստաթղթերն ու բեռներն են ստուգում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը։
«Երեկ 3 վարորդներից այդպիսի ահանզանգ եմ ստացել։ Նրանց ստուգել են` բաց թողել։ Պատճառ չեն ասել»,- ասաց նա։
Քոչարյանը խնդրի մասին ահազանգել է մարզպետարան, ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ աշխատակիցներն արդեն այցելել են Սյունիքի մարզ, բայց Քոչարյանի հետ դեռևս չեն հանդիպել։
Փոխհամայնքապետը մտավախությունի ունի, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Մ2 Գորիս-Որոտան միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կարճ ժամանակ անց կդադարեցվի։
«Հավանական է, որ այդ ճանապարհը կկորցնենք։ Իսկ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը դեռ կառուցվում է»,- նշեց նա։
Թե որքանով է Տաթև-Աղվանի ճանապարհը հարմար բեռնատարների համար՝ Քոչարյանը դժվարանում է պատասխանել։ Ասում է` պատերազմը, իշխանություններն այնպիսի մի հանգրվանի են հասցրել, որ մենք ամեն ինչի հետ հարմարվենք, ուր մնաց`ճանապարհի հարմարության մասին խոսենք։ Մինչդեռ Սյունիքը շրջափակած թշնամին ճանապարհներն է նորոգում, տեղակայման վայրերն ամրակայում։
«Ինքներս ենք հարմարվում ամեն ինչին։ Կռիվը, պետությունը մեզ հասցրեց այս օրին։ Մենք էլ ոչինչ չենք անում։ Լավ բան չենք սպասում։ Եթե հակառակորդը պատրաստվում է, տեղակայվում է ամենալավ ձևով, իսկ մենք ընդհանրհապես ոչինչ չենք ձեռնարկում, ոչինչ չենք անում, մեր զինվորների համար չենք մտածում, մեր ճանապարհները չենք բարեկարգում, դա ինչ է նշանակում` հարմարվում ենք հակառակորդի ասածներին»,- եզրափակեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։