Պետք է գոհ լինենք, որ հայկական մեքենաներից ադրբեջանցիները տուրք չեն վերցնում. Ղազարյան

Իրանը և Ադրբեջանը պետք է իրենք պայմանավորվածության հասնեն Սյունիքում, այսպես կոչված, ադրբեջանական տարածքներ մուտքի և ելքի տուրքերի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Գորիս–Կապան ճանապարհի Որոտան գյուղի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողմից իրանական բեռնատարերին տուգանելու փաստը։
«Իրավաբանորեն ոչինչ չես կարող ասել, ըստ էության Ադրբեջանը խորհրդային իր տարածքներում հայտնվող մեքենաներից վերցնում է մուտքի և ելքի տուրք` 130 դոլար մտնելուց, 130 դոլար՝ դուրս գալուց։ Ադրբեջանցիները տուրքեր են վերցնում իրանական մեքենաներից, հայկականներին ձեռք չեն տալիս», – ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով` Իրանը և Ադրբեջանը պետք է իրենք պայմանավորվածության հասնեն Սյունիքում, այսպես կոչված, ադրբեջանական տարածքներ մուտքի և ելքի տուրքերի վերաբերյալ։
Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան
«Ժամանակին Հայաստանն ու Իրանն էլ ունեին նման տուրքեր` միմյանց տարածք մտնելու համար, սակայն հետո մենք պայմանագիր կնքեցինք, ու դա դուրս եկավ։ Իրանի ու Ադրբեջանի ներքին հարցն է, մենք պետք է գոհ լինենք, որ այս անորոշ վիճակում հայկական մեքենաներից տուրք չեն վերցնում», – ասել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։
Ի դեպ, այսօր Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների փաստաթղթերն ու բեռներն են ստուգում։