Պարեկային ծառայության ավտոմեքենան ընկել է փոսը. բնակիչները սպառնում են փակել ճանապարհը

Կիլիկիա թաղամասի բնակիչներն ասել են, որ պատրաստվում են Իսակովի պողոտայի հսկա փոսը լցնել քաղաքապետի ու թաղապետի նկարներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի երթևեկելի հատվածում ընկել է փոսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com կայքը, հսկայական փոսն արդեն մի քանի օր է՝ պատուհաս է դարձել վարորդների համար։
«ՊՊԾ պետը հանցագործություն է կատարել». Մինասյանն ասում է՝ հարվածել են ճակատին ու ոտքերին
Ըստ կայքի, Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցը ծառայողական ավտոմեքենայով ընկել է դրա մեջ, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կիլիկիա թաղամասի բնակիչները հայտնել են, որ պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով: