Լաչինի նոր ճանապարհի կառուցման բանակցություններին Հայաստանը չի մասնակցում. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է առաջիկա երեք տարում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիր, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Եռակողմ հայտարարությամբ նախատեսված` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցման շուրջ բանակցություններին ՀՀ կառավարությունը ներկա պահին չի մասնակցում։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցի շուրջ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել միայն ԼՂ իշխանությունների ու խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Մեր մասնագետները X պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ։ Այդ առաջարկները կքննարկվեն և նշված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ։ Բնականաբար, այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ–ի շահերն առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Լաչինի շրջանը: Ըստ փաստաթղթի` Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափում Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Բաքուն ու Անկարան զորավարժություններ են անցկացնում Լաչինում. Ստեփանակերտի արձագանքը
Փոխարենը կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: