Իշխանությունը փորձում է չեզոքացնել Չարչյանին. իսկ ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը

"Ժողովուրդ" օրաթերթն այս հարցի շուրջ փորձել է կապ հաստատել ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլ նաև Չարչյանի փաստաբանի հետ։ Երկուսից մեկի հետ է հաջողվել զրուցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik․ Իշխանությունն ամեն կերպ ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, որոնք այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Ժողովուրդի» տեղեկություններով` այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ:
«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան
«Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,–գրում է թերթը:
Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է:
«Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»,–գրում է «Ժողովուրդը»:
Թերթը փորձել է այս հարցի հետ կապված զրուցել նաև Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին:

"Ես նման տեղեկություններ չունեմ։ Պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքն ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ",- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։