ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ինչպես նաև ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում հաջորդ տարվա առաջին կեսին։ Այս մասին ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների համատեղ նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
"Որոշում է կայացվել Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստերն անցկացնել Հայաստանում 2022 թվականի առաջին կեսին", – ասել է Զասը։
ՀԱՊԿ–ի ղեկավարը հայտնել է նաև, որ նիստի ընթացքում ընդունվել է Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ կազմակերպության հայտարարությունը։
"Պատվիրակությունների ղեկավարները համաձայնեցրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը և մի շարք հայտարարություններ ընդունել, մասնավորապես` "Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ" ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը, տեղեկատվական անվտանգության և կիբեռահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի համակարգման վերաբերյալ ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերի մասին ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը և "ՄԱԿ -ի կանոնադրության սկզբունքներին հավատարմությունը վերահաստատելու և դրանց պարտադիր կատարումն ապահովելու նպատակով համագործակցությունն ամրապնդելու մասին"` ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը", – ասել է Զասը։
Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։