ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը` բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 2021թ. օգոստոսի 18-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:
«Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է»,– Facebook–ի իր էջում գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։
Քաղաքացու դիմումի հիման վրա պարզաբանումներ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները այցելություն են կատարել Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ղուկասյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: