ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Մի քանի տասնյակ մարդիկ, հիմնականում` բժիշկներ, հավաքվել են Երևանի գլխավոր դատախազության շենքի դիմաց և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպում են պահանջում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզիմիրլյան» ԲԿ–ի նախկին տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանին կալանքից ազատելու հարցով։
«Մեզ այստեղ է բերել ՀՀ քաղաքացու առողջական վիճակի մասին մտահոգությունը, որն ունի ծանր հիվանդություններ, որոնք նրա անազատության մեջ մնալու հետևանքով ավելի են բարդացել։ Ես չեմ ուզում բացել Չարչյանի բոլոր ախտորոշումները, բայց վստահեցնում եմ` վիճակը ձեր իմացածից վատ է։ Արդեն ախտահարվել է նրա աչքը, գնալով ավելի ծանր է լինելու», – ասաց Չարչյանի գործընկեր, բժիշկ Սամվել Սահակյանը։
Բժիշկն իր գործընկերների հետ Չարչյանի գործի առաջին օրերից պայքարում է վերջինիս ազատության համար։ Լրագրողները հարցրին` արդյոք նա դեռ հույս ունի բարի վերջաբանի։
«Ես ոչ որպես բժիշկ, որպես հրամանատար եղել եմ պատերազմում և մինչև վերջ հույս եմ ունեցել, որ հաղթելու ենք», – ասաց Սահակյանը։
Նշենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24–ին սուր ինֆարկտ է տարել, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին։ Խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։