Ես գուցե ՀՀ ամենադժգոհ քաղաքացին եմ. Փաշինյանը գոհ չէ անհետ կորածների որոնման արդյունքից

Արցախյան 44-օրյա պատերազմում անհայտ կորածների թիվը ներկա պահին կազմում է 240, և այդ թիվը պարբերաբար փոփոխվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արվում է ամեն հնարավորը` անհայտ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գործնականում ՀՀ որևէ պաշտոնյա որևէ հանդիպում չի ունենում, որի առանցքում չլինի գերիների վերադարձի ու անհետ կորածների հարցը` սկսած խորհրդարանական հարթակներից, ավարտած կառավարության հարթակներով»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքը հրապարակման ենթակա չէ։
Ալեն Սիմոնյանը բացատրեց` գերիների խոշտանգումը "հնարած" անվանելով ինչ նկատի ուներ
Ինչ վերաբերում է այդ աշխատանքի արդյունքին, վարչապետը շեշտեց, որ այն գոհացուցիչ չէ, «քանի դեռ բոլորը վերադարձված չեն»։
«Ես էլ եմ ՀՀ քաղաքացի, և այդ առումով գուցե ՀՀ ամենադժգոհ քաղաքացին եմ` մեր ձեռք բերած արդյունքների վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում անհայտ կորածների թիվը ներկա պահին կազմում է 240, և այդ թիվը պարբերաբար փոխվում է կատարվող աշխատանքներին զուգահեռ (աճյունների որոնում, ԴՆԹ նույնականացում և այլն)։
Նիկոլ Փաշինյանը համեմատության համար նաև հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների թիվը ևս շուրջ 200 է եղել, որոնց ճակատագիրն առայսօր անհայտ է։