Բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում. Ավանեսյանը` պատվաստման պահանջի մասին

ՀՀ առողջապահության նախարարը վստահեցրեց, որ պատվաստման պահանջը ՀՀ քաղաքացիների համար հավելյալ ծախսեր չի առաջացնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի վերաբերյալ որոշումն ունի իրավական բոլոր հիմքերը։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե արդյո՞ք այս կերպ չեն խախտվում ՀՀ աշխատող քաղաքացիների իրավունքները։
«Մենք աշխատանքից ազատման զանգվածային որևէ դեպք չենք նկատում որևէ երկրում։ Սա բացառիկ միջոցառում չէ, որ մենք ենք կիրառում։ Այսօր բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում։ Եվ ես վստահ եմ, որ ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում նորմալ գործընթաց է անցնելու»,– ասաց Ավանեսյանը։
Կորոնավիրուսով վարակվածներից 692–ի վիճակը ծանր է. Անահիտ Ավանեսյանը թվեր է ներկայացրել
Նախարարն անդրադարձավ նաև այդ պահանջի հետևանքով ՀՀ քաղաքացիների հավելյալ ծախսերի խնդրին` հայտարարելով, որ ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի որևէ ծախս անել, քանի որ պատվաստման համար վճարում է պետությունը։
Ավանեսյանի խոսքով` այսօր աշխարհում արդեն ավելի քան 5 միլիարդ պատվաստում է իրականացվել։
Հայաստանն ու Ուկրաինան կսկսեն պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչումը
Հիշեցնենք` առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ ս.թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Ֆրանսիան 25 000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին. Մակրոնի հայերեն գրառումը