ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՔԾ–ից հայտնում են, որ ըստ գործով ձեռք բերված ապացույցների, Խլղաթյանը նույն մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ փորձել են 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառել մարզի առնվազն 147 ընտրողների:
Հունիսի 10-ին Ռ. Խլղաթյանն այցելել է Պետրոսյանի տուն` նրան կաշառքի համար նախատեսված 9.000.000 դրամը փոխանցելու։ Բայց գումարի փոխանցման պահին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նրանց, իսկ գումարը հայտնաբերվել էր տան բակում, քանի որ վերջինները փորձել էին դրանից ազատվել ու դուրս էին նետել պատուհանից։
Ռուբեն Խլղաթյանի ու Գագիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀՔԾ–ն նաև հայտնում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք ի փաստերով միայն ՀՀ հատուկ քննչական ծառայություն քննված քրեական գործերով արդեն մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 75 անձի: