Ռազմիկ Թևոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլև ողջ պրոցեսը համակարգել` ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունեն։ Դա մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ «ինադ» է ընկել, ազատման դիմում գրել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ի դեպ, նրա դիմումը վարչապետը դեռ չի ստորագրել, մարզպետարանի պաշտոնական կայքում էլ մարզպետը դեռ Թևոնյանն է։ Թիմում հույս ունեն, որ նա հետ կվերցնի դիմումը, հատկապես, որ այն կապում են Տիգրանաշենի հանձնման և այլ անվտանգային հարցերի հետ։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին` ինչպես հայտնի է` առաջիկայում մարզում տեղի ունենալիք խոշորացման գործընթացով 4 խոշոր համայնք է ձևավորվելու՝ Մասիսի, Արտաշատի, Վեդիի և Արարատի։
Կուսակցության հետ կոնֆլիկտը հատկապես առաջացել է Մասիսի թեկնածուի պատճառով․ Թևոնյանն այստեղ առաջարկել է Սայեն Հայրապետյանի` Մասիսի Սայադի թեկնածությունը, որն այժմ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն է եղել, իսկ 2012 և 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին նույնիսկ ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր:
«Մասիսի Սայադի անունը շոշափվել է աղմկահարույց պատմություններում։ 2018-ից հետո նա արագ կողմնորոշվեց և մտերմացավ Թևոնյանի հետ։ Սակայն Թևոնյանին փոխարինողների անուններ էլ են շրջանառվում՝ ի դեմս փոխմարզպետ, նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանի և ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանի: Վերջինիս նաև որպես Արտաշատի խոշորացված համայնքի թեկնածու են դիտարկել»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին: 2021–ի սեպտեմբերի 9–ին նա հրաժարականի դիմում ներկայացրեց։
Թևոնյանն ինքը անկուսակցական է։