Կասպից ծովի տարածաշրջանն էրդողանական վարչախմբի ծավալապաշտական քաղաքականության շրջանակներում կարևորագույն տեղ է զբաղեցնում, և թուրքական կողմն ըստ էության համարում է, որ իր ելքը դեպի Կենտրոնական Ասիա պետք է ապահովվի Ադրբեջանում և մերձկասպյան տարածաշրջանում թուրքական գերակայության հաստատմամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վարդան Ոսկանյանը։
«Այդ գերակայությունն ապահովելու ուղղությամբ գործադրվում են ոչ միայն տնտեսական լծակներ։ Մենք առերեսվել ենք մի իրավիճակի հետ, երբ թուրքական կողմը լկտիաբար զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի և Իրանի կենսական շահերի այնպիսի գոտում, ինչպիսին Կասպից ծովի ավազանն է։ Պարզ է, որ իրանական կողմից արձագանքը պետք է լիներ շատ կոշտ»,– նշեց իրանագետը։
Ոսկանյանի կարծիքով` Թուրքիայի գործելաոճը բխում է էրդողանական վարչախմբի արկածախնդիր ծրագրերից, որովհետև թուրքական ծավալապաշտությունը որոշակի հաջողություններ է գրանցում տարբեր տարածաշրջաններում։ Բայց և այնպես Թուրքիան սահմանափակ ռեսուրսներ ունի, ուստի շատ խնդիրներ չի հաջողվելու լուծել։
Ըստ նրա` Անկարան քիթը խոթելով ՌԴ–ի ու Իրանի կենսական շահերի տարածք` կփորձի զիջումներ կորզել այլ տարածաշրջաններում։ Իրանագետի գնահատմամբ` Թեհրանը ձգտում է բոլոր հակասությունները հարթել դիվանագիտական ճանապարհով, առավել ևս, որ Կասպյան ավազանի երկրների կոնվենցիան ձեռք է բերվել մեծ ջանքերի գնով։ Դրա խախտումը թուրք–ադրբեջանական դաշինքի կողմից կարող է ունենալ լուրջ հետևանքներ, քանզի հակազդեցության բացակայության պայմաններում կարող է նախադեպ հանդիսանալ հետագայում կոնվենցիայի դրույթները չպահպանելու համար։
Ըստ Ոսկանյանի` վերոհիշյալ զորավարժությունները նաև կարող են Ադրբեջանի համար ստեղծել նոր ոգևորության ֆոն, ու Բաքվի բռնապետը կարող է փորձել այլ խնդիրներ լուծել` ձգտելով զիջումներ կորզել ՌԴ–ից արցախյան խնդրում և Իրանից, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի հարցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բաքուն և Անկարան Կասպից ծովում զորավարժություններ են անցկացրել հարձակման և պաշտպանության գծով։ Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան հստակ պատասխան է տալիս դրան, քանի որ ավազանի բոլոր հինգ երկրները պայմանավորվել են, որ այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։