ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում ՀՀ անկախության 30–ամյակին նվիրված միջոցառումը չի չեղարկվի` չնայած տարատեսակ շահարկումներին։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց միջոցառման կազմակերպիչ «Դոմինո պրոդաքշնի» ղեկավար Աշոտ Առաքելյանը։
Համերգի անցկացումը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն», բուռն քննարկման թեմա է դարձել։ Զոհված զինծառայողների հարազատները
ֆլեշմոբ են սկսել սոցցանցերում` բոյկոտելով միջոցառումը։
Անդրադառնալով «գունագեղ» բառին` նա շեշտեց, որ դա պարզապես շահարկում է համարում, վստահեցրեց, որ այդ բառի տակ «տաշի– տուշի» չկա։
«Ես փորձում եմ բացել «գունագեղ» բառը, ստացվում է «գույն» և «գեղ»։ Միջոցառմանը գույն հաստատ լինելու է, քանի որ բեմն ամբողջովին լուսավորվելու է, իսկ բեմի լույսերը իրենց գույնը փոխելու են, իսկ ինչ վերաբերվում է գեղեցիկին, ապա վստահ եմ, որ միջոցառումը գեղեցիկ է լինելու, ու հանդիսատեսը կհամոզվի դրանում»,– նշեց նա։
Առաքելյանի խոսքով` անհարկի է շահարկվում նաև հրավառության թեման։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը այս միջոցառման կազմակերպման համար մրցույթ չի հայտարարել։ Առաքելյանը սեփական նախաձեռնությամբ է միջոցառման ծրագիրը ներկայացրել կառավարությանը և ստացել դրական պատասխան։
«Մեր ներկայացրած ծրագրում որոշակի փոփոխություններ են եղել, հաշվի ենք առել նաև կառավարության կարծիքները։ Մենք միջոցառման կազմակերպման միջոցներն էլ ենք փնտրել, որոշ մասը դեռ փնտրում ենք։ Մեր թիմի անդամները, որոնք մասնակցելու են, հաճախ նույնիսկ մատչելի կամ անվճար ծառայություններ են մատուցում։ Փորձում ենք սուղ միջոցներով տպավորիչ միջոցառում անել»,–ասաց նա։
Կազմակերպչի խոսքով` միջոցառման ծրագրի շրջանակում ավելի քան 1000 մարդ է աշխատում, որոնց մեծ մասը կամավորներ են։ Շատերն ունեն հարազատներ, ծնողներ, եղբայրներ, որոնց կորցրել են վերջին 30 տարիներին տեղի ունեցած պատերազմների ընթացքում։
«Նրանք հենց իրենց մասնակցությամբ, ներդրումով են շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր ընկել են պատերազմներում ու հայրենիքին տվել ամենաթանկը` իրենց կյանքը։ Արտիստը կամ երաժիշտը միայն այս ձևով կարող է իր երախտագիտությունը հայտնել, որովհետև եթե բժիշկը կարող է առողջությունը, կյանքը փրկել, ապա արտիստը կարող է իր ջութակով կամ թավջութակով իր հոգում եղածը, համախմբող երաժշտությունը նվիրել»,–ասաց նա։ Առաքելյանը շեշտեց`միջոցառման ընդհանուր գաղափարը հայրենիքը սիրելու, շնորհակալություն հայտնելու, մարդկանց համախմբելու մասին է։ Սա հայ ժողովրդի, հայ արտիստի ասելիքն է իր հայրենիքին։