ՄԻՊ արձագանքման խմբերը գնացել են Ֆիզգորոդոկից բերման ենթարկվածներին հանդիպելու

ՄԻՊ աշխատակիցները կուսումնասիրվեն բողոքի ակցիայի ժամանակ անձանց բերման ենթարկելու հիմքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ֆիզգորոդոկի» բնակիչը ջրադուլ է հայտարարել
««Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, փակել փողոցը և պահանջել հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ «Մեր հասցեում ապօրինի շինարարություն է իրականացվում, տապալում են 50-60 տարեկան հսկա ծառերը», - ասաց բնակիչներից մեկը։ Ոստիկանները քաղաքացիներից պահանջեցին բացել փողոցը և չխանգարել երթևեկությանը։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած գիտավանի բնակիչներին։
Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել
Հիշեցնենք` հուլիսին Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի ("Ֆիզգորոդոկ") հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել կառուցելու 12-հարկանի շենք։ Բնակիչները պայքարում են դրա դեմ։ Օգոստոսի 20–ին քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։
Ջարդում ու վերացնում է ծառերը․ «Ֆիզգորոդոկի» բնակիչները կրկին ահազանգում են. տեսանյութ
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից: