Կորոնավիրուսով վարակվածներից 692–ի վիճակը ծանր է. Անահիտ Ավանեսյանը թվեր է ներկայացրել

ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձել է նաև կորոնավիրուսով վարակված հղի կնոջ մահվան դեպքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում` նշելով, որ 17 բժշկական կազմակերպություն ներգրավված է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման աշխատանքներում, նշանակում է` համակարգի լարվածությունը մեծ է։
Կորոնավիրուսի դեմ պայքարի 4 սցենարները. ամենալավատեսականից մինչև ամենահոռետեսական
«Այսինքն` այլ հիվանդություններ ունեցող, պլանային վիրահատությունների կարիք ունեցող պացիենտները ստիպված են լինելու սպասել իրենց հերթին՝ մահճակալային ֆոնի զբաղվածության պատճառով»,– ասել է նա։
Նախարարի խոսքով` սոմատիկ բաժանմունքներում 1711 մահճակալից զբաղված են 1546-ը, վերակենդանացման բաժանմունքներում կա 318 մահճակալ, որից 279-ը զբաղված են։ Ծանր վիճակում են կորոնավիրուսով վարակվածներից 692–ը, ծայրահեղ ծանր վիճակում՝ 142–ը, 60 քաղաքացի միացված են արհեստական շնչառության սարքին։
Նախարարն անդրադարձել է նաև կորոնավիրուսով վարակված հղի կնոջ մահվան դեպքին։
«Ցանկացած պացիենտի կորուստը մեզ համար մեծ է, բայց երբ երիտասարդ հղի կին է կորոնավիրուսից մահանում, կարծում եմ` բոլորս պետք է մի պահ լրջանանք և հասկանանք, թե որն է մեր դերը հանրային պատասխանատվության տեսանկյունից»,- նշել է նախարարը։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 657-ով և դարձել 249803։