ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik․ Երևան կհասնեն ևս 211 նոր ավտոբուսներ, Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր»,- ասաց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ նոր 8,6 մետրանոց ավտոբուսները մասամբ փոխարինելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում:
Ավտոբուսների փոխարինման այս գործընթացը տրանսպորտային բարեփոխումների անցումային փուլն է, իսկ վերջնարդյունքում շուրջ 850 ավտոբուսով կներդրվի բրիտանական խորհրդատուի առաջարկած նոր տրանսպորտային ցանցը:
Հայկ Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտում վճարման կարգին: Նա նշեց, որ նոր փոքր ավտոբուսներում միայն 100 դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է, շուտով կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման բոլոր միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով և այլն:
Հիշեցնենք` հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսել է իր աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման հանձնվեց առաջին անգամ: