ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Երևանն ու Կիևը կսկսեն փոխադարձ ճանաչել պատվաստումների վկայականները: Այս մասին այսօր Երևանում կայացած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան:
««Կանաչ» վկայականների փոխադարձ ճանաչումը մեծապես կպարզեցնի մեր երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը», - ասաց Լազեբնայան:
Մեկնաբանելով երկկողմ տնտեսական գործընկերության հեռանկարները` նախարարը նշել է, որ ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ ավանդական ոլորտներում` հացահատիկի, բուսական յուղի և սոյայի, մետաղագործական արտադրանքի մատակարարման և այլնի:
Բացի այդ, Ուկրաինան շարունակում է մնալ հայկական ԱԷԿ-ի սարքավորումների կարևոր մատակարարը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում ենթարկվել է հիմնանորոգման:
«Խոստումնալից համագործակցություն կարող է զարգանալ նաև մաքուր էներգիայի ոլորտում», - հավելեց Լազեբնայան:
Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց երկկողմ տնտեսական կապերի հետագա ամրապնդման կարևորությունը:
«Մեզ համար շատ կարևոր է առևտրատնտեսական համագործակցության զարգացումը», - ասաց նախարար Քերոբյանը:
Ի թիվս երկու երկրների համագործակցության այլ ոլորտների` զարգացած է նաև մետաղագործությունը (ուկրաինական պողպատե գլանվածքային գործարանները Հայաստանից գնում են ֆերոմոլիբդեն՝ որպես համաձուլվածքների ամրացնող հավելում):
Բացի այդ, հայաստանյան ՏՏ ընկերություններից մեկը վերջերս մասնաճյուղ է բացել Կիևում `մոտ 100 մարդու համար: