Գնաճն ավելանում է. ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ տնտեսության դրական սպասումները պայմանավորված են գյուղատնտեսության և ծառայությունների աճով ու արտերկրից դրամական տրանսֆերտներով։ Մինչդեռ ներդրումները մնում են սպասվածից ցածր մակարդակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Այսօրվա` սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսով՝ սահմանելով 7.25%:
Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Օգոստոսին արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում` նախորդ տարվա նույն ամսվա 0.1 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ ու ամսվա վերջին կազմել է 8.8 տոկոս։ Իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին պահպանվել է 8 տոկոսի շրջանակում»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահն արձանագրեց, որ, չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացին, ՀՀ գործընկեր երկրներում դեռևս պահպանվում են բարձր գնաճային մակարդակներ։ Այս հիմքերով պայմանավորված ԿԲ խորհուրդը Հայաստանի տնտեսությունում ևս կանխատեսում է բարձր գնաճային ազդեցություն։
Այդուհանդերձ, ՀՀ տնտեսական զարգացումները կանխատեսվում են սպասվածից ավելի դրական, ինչը ԿԲ նախագահը պայմանավորեց գյուղատնտեսության ու ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։
Կենտրոնական բանկը կանխատեսում է 5.4 տոկոս տնտեսական աճ
ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստում են նաև արտերկրից տրանսֆերտները։ Մինչդեռ ներդրումները մնում են սպասվածից ցածր մակարդակի։
«Վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն գնաճը պահպանվել է սպասվածից ավելի ցածր մակադակում»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնելու որոշում ԿԲ–ն ընդունել էր 2021թ-ի օգոստոսի 3-ին՝ գործող տոկոսադրույքը բարձրացնելով 0.5%–ով և սահմանելով 7.0%:
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ
Տոկոսադրույքի վերջին նվազեցումն իրականացվել էր 2020թ–ի սեպտեմբերի 15–ին, երբ ԿԲ –ն, այն նվազեցրել էր 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է որդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ նվազեցնել։
Բայց 2020թ–ի դեկտեմբերի 15-ին, ԿԲ–ն որոշում էր կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 1 տոկոսային կետով` այն դարձնելով 5.25%։ Հաջորդած բոլոր վերանայումները մինչ օրս եղել են միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու ուղղությամբ։