ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը ընտրողներին կաշառք տալու դեպքով կալանավորվել է, մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Նշվում է, որ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արամայիս Ապրոյանը, համակարգելով ԲՀԿ–ի Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:
«Համաձայն ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` Ա. Ապրոյանը 2021 թվականի հունիսի 8-ին և 9-ին Ս. Զաքոյանի միջոցով Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180.000 ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` յուրաքանչյուրին տրամադրելով 5000-10.000-ական ՀՀ դրամի սննդամթերքի փաթեթներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ապրոյանը և Զաքոյանը, ինչպես նաև ընտրակաշառք ստացած առանձին քաղաքացիներ, հունիսի 9-ին բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, երկու կամ ավելի ընտրողների կաշառք տալը, կաշառք ստանալը):
Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: