ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Վերջիններս փոխադարձ պայմանավորվածությամբ, նույն թաղամասում գտնվող խանութից օղի են գնել և գնացել 54-ամյա տղամարդու բնակարան և խմել:
Նույն օրը` ժամը 15:50-ի սահմաններում, նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 37-ամյա տղամարդը, տան հյուրասենյակից վերցնելով մետաղյա աթոռը, մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` գլխին, որից հետո հեռացել է։ Տղամարդը ստացել է բաց գանգուղեղային վնասվածք և մահացել։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: